Ալթունյանին չեն հետաքրքրում իր մասին խոսակցությունները

Levon

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր հրավիրել էր տարեվերջյան մամուլի ասուլիս: Սկզբում, սակայն, որոշ թվային տվյալներ ներկայացրեց փոխնախարարը:

Առողջապահության նախարարության 2016 թվականի բյուջեն կազմել է 89 միլիարդ դրամ, հայտարարեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը: Նրա խոսքով` այս տարվա ընթացքում օպտիմալացման արդյունքում նախարարությունը որոշակի խնայողություններ է արել, որի շնորհիվ գալիք տարի ավելի շատ ծառայություններ կգնի մեր քաղաքացիների համար: Նախարարությունը 2016 թվականին շարունակել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը: Նա նկատեց, որ առաջին հերթին ստեղծել են ծախսվող մեթոդների կիրառման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ ոչ դեղապատ ստենդի տեղադրման՝ կյանք փրկող ծրագիրը:  Ընթացիկ տարում պետպատվերի շրջանակում արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության 321.580 դեպք: Նախարարության ֆինանսական մասը լրագրողներին ներկայացրեց փոխնախարար Մարգարյանը, որից հետո նախարարության ամբողջ գործընթացը ներկայացրեց նախարար Լևոն Ալթունյանը:

Նախարարն ասաց, թե  չնայած սեպտեմբերին նախարարության թիմը որոշակի փոփոխություն է կրել, սակայն իրենք կարողացել են ապահովել ծրագրերի բնականոն ընթացքը: Ապա նա պատասխանեց լրագրողների հարցերին:  Ալթունյանից լրագրողները հետաքրքրվեցին չգրանցված դեղերի վաճառքից և դրա դեմ կիրառվող պատժամիջոցների կիրառումից:

Լևոն Ալթունյանն ասաց, թե  երեկ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փաթեթ՝ չգրանցված դեղերի վաճառքը քրեականացնելու մասին: Դիտարկմանը, թե չգրանցողը ներկրողն է և քրեականացնելը կարող է մահակ դառնալ վաճառողների գլխին, նախարարն արձագանքեց, որ օրենքը և՛ կաշառք տվողին, և՛ կաշառք վերցնողին պատժում է Քրեական օրենսգրքով և այս դեպքում չի կարող գրանցողը և վաճառողը կապ չունենան խնդրի հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե  ինչո՞ւ, ի վերջո, նա արժանացավ Կարեն Կարապետյանի ամենաանհաջող կադր պիտակավորմանը, իր մոտեցումնե՞րն են խորթ հասարակության համար, թե այլ պատճառներ կան, որ հասարակության կողմից նման գնահատական տրվեց, նախարարն արձագանքեց, որ պիտակների մասին չի լսել, քանի որ քիչ է հետաքրքրվում իր մասին խոսակցություններով, ինչ վերաբերում է չհասկացվածության խնդրին, նախարարը նշեց, որ նման խնդիր չկա:


Աղբյուր՝ Ալթունյանին չեն հետաքրքրում իր մասին խոսակցությունները